ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցութային փաթեթների բացման արարողությունը: Մրցույթն իրականացվում է գերմանական KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի տեխնիկական առաջադրանքը մշակվել է անկախ փորձագետի կողմից՝ նույնպես Բանկի ֆինանսավորմամբ:
Մրցույթի առաջին փուլում ստացվել է 11 հայտ, որոնք միաժամանակ գնահատվել են KfW բանկի անկախ փորձագետի եւ ՋՏՊԿ-ի կողմից: Այդ փուլում կազմվել է մրցույթի ապագա մասնակիցների կարճ ցուցակը, որում ընդգրկվել են 5 մասնակիցներ: Կարճ ցուցակը համաձայնեցվել է Բանկի հետ:
Կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցների համար կազմակերպվել է տեղեկատվական սեմինար, Կոմիտեում բացվել է տեղեկատվական սենյակ: Խորհրդատուի միջոցով պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված բոլոր հարցերը:
Մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են կարճ ցուցակում ընդգրկված 5 ընկերություններից 4-ը: «Գաուֆտ» ընկերությունը հրաժարվել է մասնակցել մրցույթին:
Ներկայացված մրցութային փաթեթների գնահատման համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով՝ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ:
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված տեխնիկական առաջարկները, որոնք KfW բանկի հետ քննարկելուց հետո, կբացվեն նաեւ ներկայացված ֆինանսական առաջարկների փաթեթները, որոնք այս պահի դրությամբ կնքվել եւ պահպանվում են չհրկիզվող պահարանում:
Նշենք, որ ՋՏՊԿ նորաստեղծ Գույքի կառավարման եւ ներդրումների իրականացման վարչության գործունեության հիմքում ընկած է պետական գույքի արդյունավետ եւ խելամիտ կառավարման սկզբունքը: Վարչության ձեւավորման գործընթացը նախաձեռնվել էր դեռեւս 2016 թվականի կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր եւ համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում եւ կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաեւ՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:




























