«Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունը ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպած միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչօրս «Կոշում» իմ անձի շուրջ  տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:

Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան:

Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները»տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարություններ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց նրանց միջոցով են կատարվում:

Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ: Նախ, իմ քնելատեղի մոտից մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի պես չեմ պահում:

Չսպված կոշտությամբ հակընդդեմ պահանջով հանդես եկա` բացատրել, թե կոնկրետ ի՞նչ պրետենզիաներ են ինձ ներկայացվում: Այսինքն` ո՞րն է ինձ ներկայացվող մեղադրանքը, եթե այդպիսին կա, ո՞րն է ինձ ներկայացվող պահանջը, եթե այդպիսինը կա: Ինչպես եւ սպասում էի` ասելիքը հստակ էր եւ ընդհանուր:

Թերթում տպագրվող հոդվածները, իմ քաղաքական գործունեությունը եւ իմ պահվածքը  ընդհանրապես դուրեկան չի բազմաթիվ արժանի մարդկանց: Բնականաբար ասացի, որ իմ հոդվածները, լրագրողական եւ քաղաքական գործունեությունը չեմ պատրաստվում քննարկել որեւէ մեկի հետ՝ անկախ նրանից արժանի է այդ մեկը, թե անարժան: Հասկանալով, որ այս թեման իսկապես շարունակություն ունենալ չի կարող` նշված օպերացիայի գլխավոր «սալդաթը» փոխեց տակտիկան եւ արտասանեց կարեւորագույն մի նախադասություն. «Քեզ չի ասվե՞լ, որ էդ դրոշը էդտեղից հանես»: ...Խոսքը Հայաստանի պետական դրոշի մասին է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:

...Բնականաբար` պատասխանս միանշանակ էր եւ աներկբա` իմ դրոշը պետք է լինի իմ գլխավերեւում: Այս հարցի շուրջ էր, ահա, որ խոսակցությունը սրվեց, եւ գլխավոր «սալդաթը» հարձակվեց ինձ վրա: Ինչպես լինում է նման դեպքերում` առաջացավ մարդկային կուտակում` հենց իմ քնելատեղի մոտ, եւ դժվար էր տարբերակել` ով ում բարեկամն է: Ու չնայած ՔԿՀ հսկիչներն ամեն դատապարտյալի ամեն փռշտոցի վրա հավաքվում են ճանճերի նման, շուրջ 15 րոպե տեւած, գոռգոռոցներով ու բարձր տոնով խոսակցության ընթացքում որեւէ հսկիչ այդպես էլ չերեւաց: Այս պատմությունն ավարտվեց «զգուշավոր քաշքշուկով», եւ կողմերը մնացին իրենց դիրքորոշումների վրա: Հակառակ կողմը պնդում էր, որ ես այլեւս հոդված չպիտի գրեմ թերթում, եւ իմ գլխավերեւից պիտի հանեմ Հայաստանի պետական դրոշը: Հիմա դուք կարդացիք հոդված, որը գրված է միջադեպից հետո, իսկ ՀՀ պետական դրոշն էլ շարունակում է զարդարել իմ գլխավերեւը: Եվ այդպես լինելու է միշտ», - գրել է Փաշինյանն ու հավելում, որ առաջիկայում անդրադառնալու է «Կոշ»-ում իր հետ տեղի ունեցածայլ միջադեպերի եւս: