Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին: Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը կայանալու է նոյեմբերի 8-10-ին Դուշանբեում: Նիստին նախատեսվում է քննարկել հետագա համագործակցության կատարելագործումը միջազգային ահաբեկչության, կրոնական շղարշի ներքո գործող ծայրահեղականության, մաքսանենգության եւ զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր խմբավորումների, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարում:
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին որպես դիտորդ կմասնակցեն մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ:


























