ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը նոյեմբերի 5-ին ժամանելե է Ադրբեջան` հետեւելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 7-ին:

Նա կհանդիպի Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի, ԱԳՆ եւ այլ կառույցների ներկայացուցիչների հետ, կայցելի ընտրական հանձնաժողովներ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը` հղում անելով ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենիա Սլոբոդային:

Լեբեդեւը Բաքվում կգտնվի մինչեւ ընտրությունների ավարտը: Առաքելությունը, որի կազմում են ավելի քան 400 դիտորդներ, հայտարարությամբ հանդես կգա նոյեմբերի 8-ին:

Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կանցկացվեն նոյեմբերի 7-ին: 2005 թվականից ի վեր, նրանք անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: Իլհամ Ալիեւի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախաձեռնությամբ կուսակցական ցուցակներով ընտրությունները հանվել են, ինչը նվազագույնի է հասցրել ընդդիմության մուտքը խորհրդարան: Միջազգային հասարակությունը շարունակում է աչքերը փակել այն փաստի վրա, որ բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ չեն ստեղծված:

Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում է ընդամենը 696 թեկնածու: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակությունից թեկնածուները գրանցվել են 125 շրջաններից 111-ում. Ընդդիմությունը կարողացել է իր թեկնածուներին առաջադրել ընդամենը ընտրական շրջանների 40 տոկոսում: