Այսօր` նոյեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է Երեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության նոր կենտրոնը (ՇՊԱԿ): Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ ՄԶԳ Առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ Կառավարության բարձրաստիճան այրեր եւ միջազգային համայնքի ու տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ստեղծվելով եւ ֆինանսավորում ստանալով ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից` Երեւանի ՇՊԱԿ-ը ծառայում է որպես քաղաքացիների բողոքների ընդունման գրասենյակ, որտեղ կոռուպցիայից տուժած անձինք ստանում են անվճար իրավաբանական աջակցություն այցելության կամ հեռախոսազանգի միջոցով (անվճար թեժ գծի հեռախոսահամար` 08000 11 10):

Կենտրոնում աշխատում են փորձառու իրավաբաններ եւ ՇՊԱԿ-ի գործունեությանն օժանդակող այլ աշխատակիցներ, ովքեր անհապաղ իրավաբանական աջակցություն են ցուցաբերում քաղաքացիներին` վարչական միջոցներով, կոռուպցիոն գործերը դատարան տանելով կամ դրանք դատախազություն հղելով:

Չիման նշել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում ՇՊԱԿ-ի իրավաբանները զբաղվել են տարբեր ոլորտների ավելի քան 1300 կոռուպցիոն գործերով, այդ թվում` առողջապահություն, հանրային ծառայություններ եւ ճանապարհային ոստիկանությանն առնչվող խնդիրներ:

Երեւանի ՇՊԱԿ-ը գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, որը նման կենտրոններ է գործարկում նաեւ Արագածոտն, Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ եւ Վայոց Ձոր մարզերում: Երկու այլ ՀԿ-ներ գործարկում են ՇՊԱԿ-ներ Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում: Բոլոր կենտրոններն ունեն անվճար թեժ գծի հեռախոսահամար` իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: 2008թ. դեկտեմբերին առաջին կենտրոնների բացումից ի վեր ՇՊԱԿ-ների ցանցն ստացել է հանրային ծառայությունների տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 7000 բողոք: