«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մի կողմից դատապարտում է բանակում որոշ սպաների պահվածքը, մյուս կողմից անընդունելի է համարում այդ դեպքերի քննադատությունը մամուլում եւ սոցիալական ցանցում եւ նաեւ իր աջակցությունն է հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում եւ սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ եւ անհարկի քննադատության թիրախ է դարձել ոչ թե բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ հայոց բանակն իբրեւ հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ հանրապետության ամենակայացած ինստիտուտը հայոց ազգային բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին:

Միեւնույն ժամանակ մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են եւ դեռ պետք է  խստագույնս պատժվեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություներն ու  պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն եւ վռնդվեն Զինված ուժերի շարքերից:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց եւ հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված ուժերի համար:

Հայոց բանակը մեր պետության գոյության եւ մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերվում է բանակին, պետք է չափից առավել զգույշ եւ հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում: 

Կոչ ենք անում հասարակական –քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայացքներից եւ համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր բանակն ու համախմբվել նրա շուրջ` իբրեւ նորանկախ Հայաստանի հարատեւության առհավատչյա»: