1998-ին մեզ բոլորիս հայտնի գործող անձինք, հասարակությանը դուրս մղելով քաղաքական գործընթացներից, կարողացան կեղծել ընտրությունների արդյունքները, եւ ուզուրպացնել իշխանությունը: Այս մասին նոյեմբերի 4-ին «Սարդարապատ» շարժման հրավիրված «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե` ոչ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Նրա խոսքով, արդեն 1999-ի ԱԺ ընտրություններից հետո հայտնի զույգը համոզվելով, որ չունի հասարակության աջակցությունը, սկսեց հավաքագրել եւ որպես հենարան ձեւավորել հայաստանցու այն տեսակին, որին թույլ տրվեց ցանկացած ճանապարհով փող աշխատել, այնուհետեւ՝ հավաքած կոմպրոմատներն օտգագերծել նրանց դեմ:
«Մարդկային» այդ տեսակը տարեցտարի ավելի կազմակերպվեց, դարձավ իրավիճակի տնօրինողը եւ իշխող կլանի հիմնական հենարանը: Այն օգտագործվեց ոչ միայն ընտրությունները կեղծելու ու ժողովրդի դեմ որպես մահակ, այլեւ՝ աստիճանաբար այդ տեսակը ներքաշվեց պետական համակարգ եւ դարձավ իշխող կլանի հիմնական սպասարկուն»,- ասաց Մակեյանը:
Ըստ ընդդիմադիր գործչի, հենց այդ կոնտեքստում է տեղավորվում եվրոպական տեսքով ու նիստուկացով, կարիերիստ երիտասարդներին իշխանության օղակներում տեղավորելը: «Այս ջահելները շատ ավելի վտանգավոր են, քան քրեաօլիգարխ համակարգի սափրագլուխները, որովհետեւ, եթե վերջինները միայն հրաման կատարող են, ապա անհայրենիք, կոսմոպոլիտ երիտասարդներն ինչ-որ պահի կարող են ինքնուրույն որոշումներ ընդունել, եւ շատ շուտով ականատես կլինենք չափված-ձեւված, նույնիսկ հաճելի տեսքով երիտասարդության, որոնք էլ ավելի արդյունավետ ու անտեսանելի, առանց աղմուկի կկեղծեն ընտրությունները»,- նկատեց նա:


























