Ավազակապետական համակարգը համապետական ընտրություններով իշխանությունը չի զիջելու, եթե այդ ընտրության պատվիրատուն հասարակությունը չի հանդիսանալու: Նոյեմբերի 4-ին «Սարդարապատ» շարժման հրավիրված «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե` ոչ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, ընդդիմության քայլերը պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ վարչախմբին պարտադրվի հրաժարական տալ, եւ անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ :

«Միայն ու միայն արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետեւ չի բացառվում, որ վարչախումբն իրավիճակը լիցքաթափելու նպատակով գնա արտահերթ ԱԺ-ի ընտրություններին, որի դեպքում ռեժիմը փորձելու է վերստին գործի դնել ընտրակեղծիքների համակարգը, եւ հնարավոր հասարակության անտարբերության պայմաններում  նրանց հաջողվի կրկին թվանկարչությամբ հրապարակեն ընտրությունների իրենց ցանկալի արդյունքները»,- ասաց Մակեյանը:

Անդրադառնալով իրավիճակի փոփոխության բերող գործոններին, ընդդիմադիր գործիչը նկատեց, որ գրեթե բացառված է, որ այդ համակարգն  ինքնիրեն  ներքին հակասությունների արդյունքում կարող է փլուզվել կամ  էվոլուցիոն  ճանապարհով վերափոխվել ու դեմքով  շրջվել դեպի ժողովուրդը: Ըստ Մակեյանի, լուրջ մտավախություն կա, թե մեր հասարակությունն անհրաժեշտ պահին կարձագանքի ընդդիմության  համապատասխան կոչին՝ ուղղված վարչախմբին պարտադրվող հրաժարականին եւ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջին:

«Լրջագույն խնդիր է նաեւ մեր հասարակության ակտիվ մասի արտագաղթը, ըստ էության հիմնականում հեռանում են ստեղծված վիճակի  հետ չհամակերպվող զանգվածը: Հաջորդ գործոնը՝ արտաքինն է, որի ազդեցությունը վերջին տարիներին էական մեծացել է : Պատճառը՝  գործող վարչախումբի  խոցելիությունն է եւ առաջին հերթին՝ լեգիտիմության բացակայությունն է, որի հետեւանքով նա իր բոլոր լծակները, հնարավորությունները ու ժամանակը ծախսում է աթոռները պահելու համար»,- ընդգծեց Մակեյանը, հավելելով. «Մաթեմատիկական ձեւակերպմամբ՝  արտաքին գործոնի ազդեցությունը հակադարձ համեմատական է ներքին  գործոնից, այսինքն՝  որքան հասարակությունը  քաղաքացիական  հասունություն է հանդես բերում, այնքան իրավիճակի վրա ներազդելու նրա հնարավորությունը  մեծանում է, ապա  այդ դեպքում փոքրանում է արտաքին գործոնի չափաբաժինը»:

Ամփոփելով նա նշեց, որ ընդդիմությունն էլ  ավելի արդյունավետ  պետք է աշխատի ժողովրդի հետ, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ պահին հասարակությանը  համախմբել  եւ, որ ամենակարեւորն է, այդ պահը պետք է հասունացնի  ընդդիմությունը: «Հակառակ պարագայում, որքան ժամանակը ձգվի,  այնքան կդժվարանա ավազապետական համակարգից համապետական ընտրություններով  ազատվելու հնարավորությունը»,- ասաց նա: