Դերասան Վարդան Պետրոսյանը «Վարք Հայաստանի» ներկայացումն արդեն խաղացել է «Գլաձոր» համալսարանում եւ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Շուտուվ այն դիտելու հնարավորություն կունենան նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դերասանը:
«Ներկայացումները խաղում եմ փակ, միայն եւ միայն ուսանողների համար: Խնդրում եմ, որ դասախոսական կազմը ներկա չլինի: Չլինեն դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոռեկտորներ եւ առավել եւս ռեկտորներ: Կարծում եմ` ինֆորմացիան, որ տալիս եմ ներկայացման ընթացքում, բավականին բարդ է եւ դժվարամարս, շոկը եւ ցնցումը` բավական մեծ, ու այստեղ ուսանողները կարիք ունեն մենակ մնալու եւ անկաշկանդ լինելու: Դասախոսների ներկայությունը նրանց կկաշկանդի»,-ասաց դերասանը:
Նա նշեց, որ «Վարք Հայաստանի»-ով փորձում է բարձրացնել հատկապես ժամանակակից կրթական համակարգին վերաբերող խնդիրներ եւ երիտասարդների միջեւ տիրող սեռական փոխհարաբերությունները:
«Արեւմուտքից եկած ուժեղ սեռական ինֆորմացիայի ազատության եւ մյուս կողմից մեր մեջ տեղ գտած ավանդապաշտության կողպեքների հակասության մեջ ներկայացնում եմ հայ երիտասարդին, հայ աղջկան, ով գտնվում է իր զարգացման ճանապարհին, նա ուզում է բավարարել իր կրքերը, բնազդները, բայց ավանդույթների կողպեքի տակ է, որը ծնում է հորմոնալ, քաղցկեղածին հիվանդություններ, անորմալ փոխհարաբերություններ եւ անոմալիաներ: Կարող է զարմանալի թվալ, բայց դա ես հակադրում եմ Աբովյանի ժամանակների հետ ու այն դրական ցնցում է առաջացնում ուսանողների մոտ»,-նշեց Վարդան Պետրոսյանը` հավելելով, որ Աբովյանի միջոցով փորձում է ներկայացնել մեր այսօրվա կյանքը:
Ի դեպ նշենք, որ ներկայացումն անվճար է եւ դերասանը խաղում է այն համալսարաններում, որտեղից հրավեր է լինում:
Վարդան Պետրոսյանը նաեւ չբացառեց, որ որոշակի վերամշակումից հետո «Վարք Հայաստանին» հնարավոր է նաեւ բեմ բարձրանա:





























