Թուրքիայի Կարս քաղաքում թուրքական TESEV-ի կողմից կազմակերպված եւ հայերի եւ թուրքերի մասնակցությամբ կոնֆերանսի շրջանակներում, նրանք այցելել են Կարսի պատմամշակութային հուշարձաններ, որի ժամանակ թուրքական Hurriyet-ի լրագրող Իռեմ Քյոքերին զարմացրել է Կարսում գտնվող Չարենցի տան արժեքը։
Թուրք լրագրողը գրել է, թե երբ իրենց տեղեկացրեցին, թե դիմացի խարխուլ տունը հայազգի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունն է, հայ մասնակիցները չնայած երկար ճանապարհի հոգնածության շատ ոգեւորված իջել են եւ սկսել լուսանկարել տունը։ «Ես մինչ այդ Չարենցի անունը չէի լսել։ Բայց հասկացա, որ ինչքան կարեւոր բանաստեղծ է նա հայերի համար։ Չարենցը 1897-ին ծնվել է Կարսի այս տան մեջ»-նշել է Իռեմ Քյոքերը՝ հայտնելով իր զարմանքը, երբ իմացել է, որ 3 տարի առաջ Վանի Աղթամարի Սուրբ Խաչի բացման համար Կարս ժամանած Հայաստանի մշակույթի փոխնախարարից տան սեփականատերը պահանջել է 250 հազար լիրա (170 հազար ԱՄՆ դոլար)՝ խարխուլ տունը վաճառելու համար։
Նշենք, որ Չարենցի տան վաճառքի հետ կապված լուրերը ճշտելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ։
Վերջինս նշել է, որ թեպետ 100 տոկոսով չի կարող հաստատել լուրը, սակայն հատկանշական է, որ իրեն էլ նման խոսակցություններ հասել են։ «Թե որքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել։ Միայն մի բան գիտեմ, որ թուրքերն այդ տունը հաստատ չեն գնի։ Կարսի հայկական տները ավերված են, դրանցում բացառապես քրդեր են ապրում։ Թուրքերը երբեք չեն ուզի հայի տանն ապրել։ Միաժամանակ ըստ իրենց օրենքի՝ տունը կարող են գրել միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձինք»,- նշել է Լիլիթ Հակոբյանը։
Հարցին, թե բանաստեղծի տունը գնելու խնդրանքով ինքը փորձե՞լ է, արդյոք, դիմել պոլսահայ համայնքի ներկայացուցիչներին, թանգարանի տնօրենն ասել է. «Նման փորձ չենք արել, որովհետեւ դա պետք է աներ Թուրքիայի հայ համայնքը, համայնքն առաջինը պետք է արձագանքեր նորությանը»:
Լիլիթ Հակոբյանը նաեւ տեղեկացրել է, որ 2005-ին, երբ ինքը Թուրքիայում էր, հանդիպել է Կարսի այն ժամանակվա՝ ազգությամբ քուրդ քաղաքապետի հետ, առաջարկել վերականգնել Չարենցի տունը՝ այն վերածելով մշակութային կենտրոնի։ «Առաջարկեցինք նաեւ տանը կից փոքրիկ հյուրանոցային համալիր կառուցել, որտեղ կանգ կառնեն աշխարհի տարբեր ծայրերից այդտեղ այցելող բոլոր հայ մտավորականները։ Կարսի նախկին քաղաքապետն այդ միտքը բավականին ջերմորեն ընդունեց։ Այս հարցով դիմեցի նաեւ Հայաստանի ԱԳՆ։ Հարցը պետական մակարդակով քննարկվում էր, սակայն գործընթացը կանգ առավ ճիշտ Հրանտ Դինքի սպանության օրը։ Այդ օրը ԱԳՆ-ն պետք է պատասխաներ ինձ՝ նամակով դիմե՞մ, թե` չդիմեմ թուրքական կողմին։ Եթե անգամ նամակ գրելու լինեի, պետք է ԱԳՆ-ն թելադրեր նամակի տեքստը, բայց ամեն ինչ այդպես էլ կիսատ մնաց»,- ամփոփել է Լիլիթ Հակոբյանը։




























