Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալիմը օրերս հայտարարել է, որ աղջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ու Թուրքիայի համատեղ ջանքերը։

Հունիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտոնական այցով ժամանել էր Երեւան եւ Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացը։ Սիրիայի ղեկավարն այն ժամանակ հարաբերությունները կարգավորելու կոչ արեց Հայաստանին ու Թուրքիային՝ առաջարկելով Դամասկոսի միջնորդությունը, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի որքան հնարավոր է արագ, եւ տարածաշրջանի զարգացմանը ոչինչ չխանգարի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, հայտարարեցին՝ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» ու «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ քաղաքական խորհրդատվություններ սկսելու մասին։ Վեց շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը, որոնք նախատեսում են սահմանների ապաշրջափակում եւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, պետք է ստորագրվեն եւ ներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։