Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի ընտանիքն այսօր կվերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ համայնքի ղեկավար Խորեն Հարությունյանը:
Գոռ Գարեգինյանի ծնողներն ու եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:
«Ծնողներին տեղեկացրել ենք արդեն, այսօր գալիս են Հայաստան: Իրենց վերադարձից հետո միայն հոգեհանգստի օրը կորոշվի»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Գոռի ընտանիքը Հայաստանում տնակում էր բնակվում` սոցիալապես ծանր պայմաններում, այդ պատճառով տարիներ առաջ ՌԴ էին մեկնել:
Հիշեցնենք, որ ըստ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:




























