Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է սեպտեմբերի 2-ին ինքնակամ իրավապահներին ներկայացած Խաչատոր Սուքիասյանի խափանման միջոց ընտրելու հարցը: Նա 2008 թվականի մարտից գտնվում էր հետախուզման մեջ եւ ներկայանալուց անմիջապես հետո կալանավորվել է, բայց հիմա իրավապահները խնդիր ունեն կրկնակի կալանք կիրառել Խ. Սուքիասյանի նկատմամբ:

Հատուկ Քննչական ծառայության մարտի 1-ի գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշել է, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ դատարանին կմիջնորդի կիրառել կալանքը` որպես խափանման միջոց եւ ամենայն հավանականությամբ դատարանը կբավարարի այդ միջնորդությունը: Նշենք, որ Հայաստանում կալանքի առավելագույն ժամկետը 2 ամիս է, որը լրանալուց հետո ՀՔԾ-ն պետք է կրկին դիմի դատարան` կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Խ. Սուքիասյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Խ. Սուքիասյանի նկատմամբ հետապնդումներն սկսվեցին այն պահից, երբ նա հայտարարեց, որ սատարում է երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: