«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարերկրացի անդամներն այլեւս չեն ցանկանում մասնակցել մարտական գործողությունների: Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իրաքյան զինվորականների տրամադրության տակ հայտնված «խնդրահարույց մարտիկների» մասին փաստաթղթերը:

Մասուլի շրջանում ԻՊ-ի բազաներից մեկի գրավումից հետո իրաքցի զինվորականների հայտնաբերած փաստաթղթերը վկայում են խմբավորման օտարերկրացի զինյալների շրջանում անհնազանդության մասին: Փաստաթղթերում խոսվում է ընդամենը 14 նման զինյալի մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բելգիացի մի զինյալ, օրինակ, բժշկական եզրակացություն է ներկայացրել, որ մեջքի ցավեր ունի եւ չի կարող մարտական գործողությունների մասնակցել, իսկ ֆրանսիացի մի զինյալ էլ հայտարարել է, որ ուզում է հեռանալ Իրաքից՝ Ֆրանսիայի տարածքում իրեն պայթեցնելու համար:

Մի քանի զինյալներ էլ խնդրել են իրենց Սիրիա ուղարկել, ոմանք էլ մարտնչելուց հրաժարվել են առանց պատճառաբանության:

Հաագայում տեղակայված ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի տվյալներով՝ ավելի քան 4 հազար օտարերկրացի զինյալներ եվրոպական պետություններից Իրաք եւ Սիրիա են ուղղվել, եւ նրանց շուրջ մեկ երրորդը վերադարձել է:

Զինված խմբավորումների ուսումնասիրության գործում մասնագիտացող վերլուծաբան Այմեն ալ-Թամիմիի խոսքով՝ բազմաթիվ օտարերկրացի զինյալներ հասկացել են, որ ԻՊ-ին անդամակցությունն այն չէ, ինչ ակնկալում էին, քանի որ նրանք կարծում էին, որ դա արկած է լինելու: Միաժամանակ, փոխգնդապետ Մուհանադ ալ-Թամիմին, որի ջոկատի զինվորները հայտնաբերել են փաստաթղթերը, նշել է, որ օտարերկրացի զինյալներն ամենամոլեգինն էին, որոնց հետ իրենց երբեւէ մարտնչել են: Նրա խոսքով, երբ նրանք են հրաժարվում մարտնչել, վկայում է այն գիտակցության մասին, որ այդ կազմակերպությունն այն իսլամը չէ, հանուն որի նրանք եկել էին: