ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարը չի բացառել, որ երկիր մուտք գործողներից կարող են սկսել պահանջել համացանցին միանալու նրանց ծածկագրերը: Միջոցառումն առաջին հերթին կարող է ուղղված լինել Թրամփի հրամանում նշված 7 երկրների քաղաքացիների դեմ: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիքը»:
Ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին այս պոտենցիալ ծրագրերի մասին հրապարակել է փետրվարի 7-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով կոմիտեում լսումների ժամանակ:
Նա պնդել է, որ նման քայլը կօգնի հայտնաբերել այն անձանց, որոնք ենթադրաբար երկրի անվտանգությանը վտանգ են ներկայացնում: Նախարարի խոսքով՝ տվյալների հավաքման համապատասխան գործառույթը, հնարավոր է, դրվի այն երկրներում ԱՄՆ դեսպանատների վրա, որտեղ վիզաներ եւ մուտքի թույլտվություն կտան: Նորամուծությունն առաջին հերթին կարող է առնչվել այն 7 երկրների քաղաքացիներին, որոնց վերաբերյալ նախագահ Թրամփը նախկինում միգրացիոն հրաման էր ստորագրել:
Քելին նաեւ ասել է, որ տվյալ միջոցառման ներդրման վերջնական որոշումը դեռեւս չի ընդունվել՝ նախազգուշացնելով, որ հրապարկել է այդ կապակցությամբ միայն իր կարծիքը, այլ ոչ թե կառավարության պաշտոնական նախաձեռնության մասին:




























