Վրացական ԶԼՄ-ները հաղորդել են «Վերին Լարսի» հսկիչ- անացագրային կետի բացման մասին։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Կազբեկում՝ վրաց-ռուսական սահմանին, տեղի է ունենում ամերիկյան միջոցներով կառուցված նոր հսկիչ-անցագրային կետի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողությունը։
Հսկիչ- անցագրային կետի շինարարությունը ղեկավարել է ԱՄՆ-ի բանակային կորպուսը։ Նախագծի վրա ծախսվել է շուրջ 2,4 միլիոն դոլար։ Արարողությանը ներկա են գտնվել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը, Վրաստանի Ֆինանսների նախարար Կախա Բաենդուրաշվիլին, ինչպես նաեւ Վրաստանի սահմանային եւ պարեկային ոստիկանության ղեկավարներ Զազա Գոգավան եւ Գեորգի Գրիգալաշվիլին։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Վրաստանը եւ Ռուսաստանը կվերականգնեն առեւտրային եւ զբոսաշրջության կապերը, իսկ կազբեկական կայարանը («Վերին Լարսը» ռուսական կողմից) իր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ մարդկանց եւ բեռների ազատ տեղաշարժի ապահովման գործում։
Վրաստանի աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Պխլաձեն ադրբեջանական աղբյուրներից 1news.az-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Կազբեկի արարողությունը կարող է «Վերին Լարսով» լիարժեք տեղաշարժման վերաճել։ «Վաշինգտոնի նպատակը ողջ Հարավային Կովկասի վերահսկումն է, իսկ Հայաստանը ճեղքվածք է առաջացնում նրանց բոլոր պլաններում եւ նրանք համարժեք ճանապարհներ են փնտրում։ „Վերին Լարսի“ հսկիչ-անցագրային կետի բացումը Վրաստանում, թուրք-հայկական սահմանի բացման մասին բանակցությունները այս պլանի բաղկացուցիչ մասն են կազմում»,- հաստատում է փորձագետը։ Նրա խոսքերով, «այս կապում հատկանշականն այն է, որ Ռուսաստանն այս հսկիչ-անցագրային կետի մասին ուղիղ կերպով չի պայմանավորվել Վրաստանի հետ, այլ բնակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ»։
«Տպավորություն է ստեղծվում, որ Կովկասին վերաբերող մի շարք հարցերում Մոսկվան եւ Վաշիգտոնը պայմանավորվել են միմյանց հետ։ Չմոռանանաք, որ որոշ ժամանակ առաջ թուրք-հայկական սահմանի բացման առիթով իր դժգոհությունն արտահայտած Մոսկվան այս անգամ ոչ միայն լուռ ընդունեց դա, այլեւ ողջունեց այդ պայմանավորվածությունները։ „Վերին Լարսի“ հսկիչ-անձնագրային կետի բացումը նա եւս հանգիստ ընդունեց։ Ամեն դեպքում, այժմ չենք կարող ասել, որ այդ անցագրային կետը լիարժեք կերպով կաշխատի, որովհետեւ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ բացել է այն, իսկ հետո էլ փակել։ Այդ պատճառով ես այդքան լավատեսորեն չէի նայի դրա գոյությանը»,- շեշտել է փորձագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Արմեն Գեւվորգյանը NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման դերերը բաժանել են միմյանց միջեւ, ինչի մասին վկայում է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի նախաձեռնողական ակտիվ գիծը։ Գեւորգյանի կարծիքով, ռուսական կողմն իր հերթին պարտավորվել է կառուցողական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում, ինչի մասին վկայում է մայնդորֆյան հռչակագիրը եւՄոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների շարքը։
Մեկնաբանելով «Վերին Լարսի» հսկիչ-անցագրային կետի նախապատրաստվելիք ապաշրջափակման մասին հաղորդագրությունը եւ այդ գործընթացում ԱՄՆ-ի ներդրումը, սեպտեմբերի 4-ին Գեւորգյանը նշել է. «Ամերիկա-ռուսական պայմանավորվածությունները, կարծես, ավելի լայն են, քան մենք նախատեսում էինք սկզբում։ Օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանն առավել համոզվող է դարձել՝ համաձայնելով Վաշինգտոնի հետ երկխոսությանը։ Ինչպես երեւում է, խոսքը գնում է համատեղ ջանքերով տարածաշրջանի համալիր ապաշրջափակման մասին՝ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի թեմաները շոշոփելու, ինչպես նաեւ Կոսովոյի հետ զուգահեռներ անցկացնելու։ Հայ-թուրքական սահմանի բացումն ինքնին անիմաստ է, եթե ապրանքների տեղաշարժը պետք է կասեցվի վրաց-ռուսական կամ հայ-ադրբեջանական սահմանին։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը, ինչպես նաեւ ղարաբաղյան գործընթացի տեղաշարժը մեռյալ կետից՝ Հարավային Կովկասի համալիր ապաշրջափակման ընդհանուր պլանի դետալներն են»։




























