Մոսկվայում այս գիշեր` նոյեմբերի 6-ին, դաժանաբար ծեծել են «Կոմերսանտ»-ի թղթակից Օլեգ Կաշինին: Այս մասին բլոգում գրել է երգչուհի եւ ռեժիսոր Ելենա Պոգրեբիժսկայան: Նա Կաշինի հարեւանուհին է: Բլոգում Պոգրեբիժսկայան նշում է, որ լրագրողին մուտքի մոտ երկու անծանոթներ են սպասել, ապա, տեսնելով նրան, ծեծել են, հավանաբար մահակներով:
Lenta.ru-ի փոխանցմամբ` Կաշինը հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով: Բժիշկներն արձանագրել են վերին եւ ստորին ծնոտների կոտրվածքներ, երկու ծնկահոդերի ջարդվածքներ, ուղեղի ցնցում, տրավմայի հետեւանքով առաջացած մատների կորուստ: Հիվանդանոցում Կաշինին անմիջապես վիրահատարան են տեղափոխել:
«Կոմերսանտի» գլխավոր խմբագիր Միխայիլ Միխայլինն ասել է, որ Կաշինի վրա կատարված հարձակումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Նշենք, որ Օլեգ Կաշինը գրում է հիմնականում հասարակական-քաղաքական թեմաներով հոդվածներ:





























