Ազգային ժողովը պետք է դատապարտի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը։ Այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հուզական ելույթներով հարցը չի լուծվի։ Ելույթները պետք է լինեն հստակ եւ հասցեական։ «Ավելի ճիշտ կլինի խորհրդարանական հայտարարություն տարածել եւ միանշանակ դատապարտել»,– ասել է Վարդանյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:




























