Հայաստանի Ֆրանսիական համալսարանի՝ աշխատանքից հեռացված մի խումբ դասախոսներ որոշել են միություն ստեղծել իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Դասախոսների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մեր խախտված իրավունքների պաշտպանությունը առավել կանոնավոր իրականացնելու նպատակով ստեղծում ենք հասարակական կազմակերպություն: Բավականին դրական տեղաշարժ ենք արձանագրում մեր պայքարի մեջ, քանի որ մասնագիտացված կառույցների`այդ թվում կրթության եւ գիտության նախարարի եւ աշխատանքի տեսչության կողմից ստացված պատասխաններում հավաստվում է, որ ՀՖՀՀ-ի կողմից խախտվել են դասախոսների աշխատանքային իրավունքները:

Եվս մեկ անգամ փաստում ենք, որ մեր պայքարի նպատակը ոչ միայն մեր խախտված իրավունքները վերականգնելն է, այլ նաեւ մի շարք բախտախնդիրների կողմից Ֆրանսիական համալսարանի կործանումը կանխելը: Համալսարանի ռեկտորի եւ նրա օգնականների անտրամաբանական եւ ոչ արհեստավարժ գործողությունների հետեւանքով աշխատազուրկ դարձան նաեւ ՀՖՀՀ-ի նախապատրաստական բաժնի 20-ից ավել դասախոսներ եւ խախտվեցին դիմորդների իրավունքները:

Մեզ միանալու ցանկություն են հայտնել ինչպես ՀՖՀՀ-ի նախապատրաստական բաժնի որոշ դասախոսներ, այնպես էլ այլ ԲՈՒՀ-երի դասախոսներ, ֆրանսիական համալսարանի ուսանողներ եւ շրջանավարտներ: Մեր միությունը կշարունակի գործել նաեւ Ֆրանսիական համալսարանի եւ դասախոսների միջեւ վեճի առնչությամբ դատարանի կայացրած վճռից հետո»: