Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է Մոնղոլիայի հետախուզության բարձրաստիճան սպա Բատ Խուրցը, հաղորդում է  Associated Press-ը: Հետախուզական ծառայության աշխատակցին կասկածում են մարդ առեւանգելու եւ նրա հանդեպ կտտանքներ կիրառելու մեջ:

Խուրցը ձերբակալվել է դեռեւս սեպտեմբերին Հիթրոու օդանավակայանում, երբ ժամանել է Մեծ Բրիտանիա բանակցություններին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի սկզբին:

Հետախույզին սպառնում է արտաքսում Գերմանիա, սակայն Մոնղոլիայի կառավարությունը փորձում է ազատ արձակել նրան`վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը: Նոյեմբերի 15-ին նշանակվել են այդ գործով դատական լսումները:

Ինչպես հստակեցնում է Agence France-Presse-ը,  Խուրցին հասցեագրված մեղադրանքները կապված են Մոնղոլիայից եկած Դամիրան Էհբատի ձերբակալության հետ. վերջինս քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայից:

Հատուկ ծառայությունների տվյալների համաձայն` 2003 թվականին նրան առեւանգել է Խուրցը եւ տեղափոխել Մոնղոլիա Բելգիայի եւ Գերմանիայի տարածքներով: Հայրենիքում նրան ենթարկել են կտտանքների: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն, Էհբատին կասկածում էին մոնղոլացի նախարարի սպանության մեջ: