Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2014-ի մայիսին շփման գծում հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին կուղարկի Ռուսաստան՝ բուժման: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:
«Բուժման բոլոր հնարավորությունները Հայաստանում օգտագործվել են, բազմիցս Պաշտպանության նախարարությունն աջակցություն է ցույց տվել նաեւ արտերկրում հետազոտությունների համար: Կառավարության որոշման համաձայն՝ սա այն դեպքն է, երբ մենք աջակցում ենք մարտական հերթապահություն իրականացրած զինվորին՝ Հայաստանում բուժումը շարունակելու անհնարինության դեպքում, որպեսզի արտերկրում ստանա որակյալ բուժզննություն»,- նշել է հարցը ներկայացնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախկինում նրա բուժումը Հայաստանում է կազմակերպվել: Զինծառայողի բուժման համար 1.3 մլն դրամ կհատկացվի:
Նշենք, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել է 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ:




























