Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին մահացու վիրավորում ստացած  պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 10-ին Մարտակերտի մշակույթի տանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա ընկերները:

Գեղամ Մանուկյանը շուրջ 20 տարի ծառայում էր Զինված ուժերում: 2016թ.-ին պայմանագրային զինծառայողը պետք է արդեն թոշակի անցներ, սակայն չէր համաձայնվել:

«Թոշակի տարիքն էր, բայց ջահել էր, գործին էլ լավ տիրապետում էր, այդ պատճառով մնաց ծառայության: Նախկինում ոտքից վիրավորվել էր, բայց ապաքինվելուց անմիջապես հետո ծառայության էր նորից վերադարձել»,- ասաց նրա ընկերներից մեկը:

Մանուկյանի հայրը նույնպես նախկին զինվորական է, թոշակի անցնելուց հետո աշխատանքի է անցել Մարտակերտի մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանն ամուսնացած էր, երկու երեխա ուներ:

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Կատարվում է քննություն: