Մոսկվայում ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի դեմ կատարված մահափորձի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «մահափորձ» հոդվածով:

Ինչպես հաղորդում է դատախազությունը, լրագրողի վրա հարձակման գործն իր հատուկ հսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Իսկ մինչ այդ, Ռուսաստանի Լրագրողների միությունը կանցկացնի իր սեփական հետախուզությունը: Այդ մասին հայտնել է միության նախագահ Վսեւոլոդ Բոգդանովը:

«Կոմերսանտ» թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Միխայլինի կարծիքով` հարձակումը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am –ը,  նոյեմբերի 6-ին Մոսկվայում, դաժանաբար ծեծել են  «Կոմերսանտ»-ի թղթակից Օլեգ Կաշինին: Այս մասին բլոգում գրել է երգչուհի եւ ռեժիսոր Ելենա Պոգրեբիժսկայան: Նա Կաշինի հարեւանուհին է: Բլոգում Պոգրեբիժսկայան նշում է, որ լրագրողին մուտքի մոտ երկու անծանոթներ են սպասել, ապա, տեսնելով նրան, ծեծել են, հավանաբար մահակներով:

Lenta.ru-ի փոխանցմամբ` Կաշինը հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով: Բժիշկներն արձանագրել են վերին եւ ստորին ծնոտների կոտրվածքներ, երկու ծնկահոդերի ջարդվածքներ, ուղեղի ցնցում, տրավմայի հետեւանքով առաջացած մատների կորուստ: Հիվանդանոցում Կաշինին անմիջապես վիրահատարան են տեղափոխել:

«Կոմերսանտի» գլխավոր խմբագիր Միխայիլ Միխայլինն ասել է, որ Կաշինի վրա կատարված հարձակումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Նշենք, որ Օլեգ Կաշինը գրում է հիմնականում հասարակական-քաղաքական թեմաներով հոդվածներ: