«Իրականում ղարաբաղյան հակամարտությունը եւ Ադրբեջանի շահերն անտեսվել են այդ արձանագրություններում եւ դա զարմանալի չէ, որովհետեւ այդ փաստաթղթերը վերաբերում են երկկողմ հարաբերությունների սկզբունքներին»,- կարծիք է հայտնել Եվրասիական ռազմավարական նախագծի տնօրեն, Ջորջթաունի համալսարանի փորձագետ եւ պրոֆեսոր Քորի Ուելթը «Day.Az»-ին տված իր հարցազրույցում: «Դա տարօրինակ է թվում, քանի որ թուրքական կառավարությունը հրաժարվում է բացել սահմանը մինչ ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Իմ կարծիքով, այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ գաղտնի պայմանագիրն արդեն կնքված է, եւ այդ մասին մենք շուտով կիմանանք, կա՛մ թուրքական կառավարությունը խորհրդարանին պետք է թույլ տա սպասել ղարաբաղյան հարցի նշանակալի առաջընթացին»,- ասել է նա ու հավելել, որ դա օգտակար է Ադրբեջանի համար, քանի որ որքան շատ հայերը հասկանան, որ իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավվում են, այնքան շուտ կհանգեն մտքին, որ ԼՂ խնդիրը պետք է լուծել:
Ուելթը նաեւ կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը էլ ավելի է հեռացնելու Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը, որն էլ իր հերթին ազդելու է այլ երկրների վրա, օրինակ՝ ԱՄՆ-ի վրա, որպեսզի նրանք նույնպես հետաձգեն ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի ռազմական ճանապարհով կարգավորմանը, ամերիկացի փորձագետն ասել է. «Դժվար է ասել, որ Ադրբեջանը կգնա նման քայլի, հաշվի առնելով պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Մինչ այդ պատերազմը Ադրբեջանի կառավարությունը, հնարավոր է, որ դա համարել է լուծումներից մեկը, բայց հիմա պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է եւ ռազմական գործողությունների դեպքում պաշտպանելու է նրան»:


























