Ասիական զարգացման բանկից ստացած միջոցները Հայաստանին կօգնեն սեյսմիկ սարքավորումները թարմացնել 80-85 տոկոսով: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը՝ ներկայացնելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է բնակչության եւ շենքերի սեյսմիկ պաշտպանության մոտեցումների արդիականացում:

Սարքավորումը ձեռք կբերվի Ասիական զարգացման բանկից 63,3 մլն SDR (մոտ 87 մլն դոլար) վարկի շրջանակներում: Այս միջոցների հաշվին կամրացվեն նաեւ շրջանների դպրոցների շենքերը: «Արդյունքում մեր սարքավորումները կթարմացվեն 80-85 տոկոսով»,- հավաստիացրեց փոխնախարարը:

Նախկինում՝ 2011 – 13 թվականներին Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ հրավիրված մասնագետների օգնությամբ արդեն գնահատվել է Երեւանի սեյսմիկ ռիսկը: