Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Վերջինս Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով։ Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ վարչապետի ու հայկական երկու հանրապետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսա-տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Կողմերն ընդգծել են տնտեսական փոխգործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Նույն օրը հայկական երկու հանրապետությունների նախագահների միջեւ տեղի է ունեցել եւս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի իրադարձություններին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը։




























