Հայաստանն ու Թուրքիան ոչ թե նոր արձանագրություններ են ստորագրել, այլ հրապարակել են ընդամենը 2009թ. ապրիլի 22-ի արձանագրությունները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ խորհուրդ տվեց սպասել եւս երկու ամիս, երբ վերջնականապես պատրաստ կլինի փաստաթուղթը: «Կստորագրվի՞ դա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց քաղաքական ուժերն առաջ են անցել եւ դավաճանական են համարում այն»,- նեղսրտեց հանրապետականը:
Հարցին, կվավերացնի արդյո՞ք Հայաստանի խոհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները, Գալուստ սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանը կվավերացնի այն փաստաթղթերը, որոնք հայանպաստ են: սա ընդամենը քննարկման խնդիր է»:
Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե արձանագրությունները հայանպաստ չլինեն, ժողովրդի մի մեծ զանգված դուրս կգա փողոց եւ կընդվզի:
NEWS.am-ի հարցին, թե որն է պատճառը, որ արձանագրությունների մեջ խորհրդարաններում վավերացնելու պահանջ է դրված, երբ հայկական օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, Գալուստ Սահակյանը արձանագրեց. «Նույն կերպ էլ մենք ենք մտածում, բայց սա հայեցակարգային փաստաթուղթ է, որն իր արձագանքը պիտի ունենա խորհրդարանում: Բացի այդ մեծ խնդիր կա՝ ցեղասպանության հարցը»:




























