Այսօր կրկին մարդաշատ էր Մատենադարանին հարող հրապարակը. Հայ Ազգային Կոնգրեսն իր արտահերթ հանրահավաքն անցկացրեց՝ նվիրված մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակմանը:
Ոստիկանությունն աննախադեպ միջոցառումներ էր ձեռնարկել՝ խափանելու հանրահավաքի անցկացումը, բայց ի հեճուկս գործադրած բոլոր ջանքերի՝ այսօրվա հանրահավաքն ամենաբազմամարդն էր վերջին մի քանի հանրահավաքներից: Այստեղ էին նաեւ վերջերս 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի համագյուղացիները, որոնք իրենց պատգամավորի նկարներով էին եկել հանրահավաքի:
Քաղբանտարկյալները Մատենադարանի հարթակ բարձրացան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեկցությամբ: Նրանք միահամուռ մոտեցան հարթակի պռնկին ու ձեռքերը բռնուցքած վեր պարզեցին, իսկ հավաքված բազմությունը նրանց դիմավորեց բուռն վանկարկումներով: Այստեղ էին Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ այլոք:
Հանրահավաքը վարող Արարատ Զուրաբյանը, բացելով հանրահավաքը, ներողություն խնդրեց հանրահավաքն ուշ սկսելու համար, քանի որ իշխանությունները խնդիրներ էին հարուցել էլեկտրականության հետ ապված: «Իշխանությունն ամեն ինչ անում է մեր հանրահավաքները խափանելու համար, բայց այստեղ հավաքված մարդիկ հրաշալի գիտեն, որ ի վերջո հաղթելու ենք»,- ազդարարեց Ա.Զուրաբյանը:
Գյումրիի ԵԿՄ կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանն իր խոսքում նշեց, որ միայն այս պայքարի արդյունքում է, որ ժողովուրդն ազատվելու է մի այնպիսի ստրկությունից, ինչպիսին «մեր ժողովուրդը չի տեսել իր ողջ պատմության ընթացքում»: «Այսօր շրջանառության մեջ է դրված մի տեսակետ, իբր այս համաներում կոչվածը իրականություն է դարձել ռեժիմի բարի կամքի արդյունքում, կամ հայտարարվել եվրոպական բյուրոկրատական կառույցների ճնշման ներքո: Սա իրականության հետ որեւէ կապ չունի: Մենք՝ քաղբանտարկյալներս որեւէ հանցագործություն չէինք կատարել, որ մեզ ներեին: Համաներումը միայն ու միայն մեր ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքն էր»,- ազդարարեց Աշոտ Զաքարյանը:
ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանն էլ բարձրաձայնեց, որ քաղբանտարկյալները շատ էին կարոտել ժողովրդին: «Այն իշխանությունները, որոնց օրոք տեղի է ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1, այն իշխանությունները, որոնք մինչեւ իրենց կոկորդը ծածկված են մարդկային արյամբ, երբեք չեն կարող ներողամտություն կամ բարի կամք ցուցաբերել»,- անդրադառնալով համաներմանը՝ ասաց Մակեյանը եւ հավելեց, որ մարտի 1-ի էջը կարող է փակվել, երբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շտաբը, մարդկանց վրա կրակողներն ու նրանց քողարկողները պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցագործությունների համար:
Նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ժողովրդին իրենց պարգեւած ազատության համար: «Մեր զրկանքները կմոռացվեն: Ուզում եմ ցավս հայտնել մարտի 1-ի զոհերի հարազատներին»,- նշեց Դ. Մաթեւոսյանը եւ համոզմունք հայտնեց, որ քաղբանտարկյալները ոչ միայն չեն կոտրվել, այլեւ նոր թափով են շարունակելու վարչախմբի դեմ պայքարը:



















