Հայր Գեորգի Մամալաձեն ցիանիդ է ձեռք բերել եւ ծրագրում էր մեկնել Գերմանիա, որտեղ բուժում է անցնում Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդը, որպեսզի իրականացնի բարձր դասի հոգեւորականի սպանություն։ Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, փոխանցում է «Sputnik-Գրուզիա»-ն:

Քննությունն սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել է երկրի գլխավոր դատախազություն եւ նշել, որ իրեն ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ գտնել: Հայտարարությամբ դիմած քաղաքացու անունը չի հաղորդվում։

Վրաստանի գլխավոր դատախազը հաստատել է, որ հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է անցած ուրբաթ օրը Թբիլիսիի օդանավակայանում այն պահին, երբ նա փորձում էր մեկնել Գերմանիա։ Մամալաձեի ուղեբեռի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ցիանիդ, իսկ նրա տանը իրականացված խուզարկության ընթացքում՝ ինքնաշեն հրազեն եւ փամփուշտներ։

Հանցագործություն կատարելու համար, ըստ դատախազության, հայր Գեորգի Մամալաձեն կարող էր եւ շահադիտական շարժառիթներ ունենալ։ Բացի Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավարը լինելուց, նա  նաեւ պատրիարքարանի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենն էր եւ ի պաշտոնե սերտ կապեր է ունեցել  Պատրիարք Իլիա Երկրորդի եւ նրա մերձավոր շրջապատի հետ։

   

Հարուցվել է քրաական գործ՝ «Սպանության նախապատրաստում» եւ «Ապօրինի զենք, զինամթերք արտադրելը, ձեռքբ բերելը, կրելը, տեղափոխելը եւ սպառումը» հոդվածների նշաններով, Մամալաձեին սպառնում է 7-15 տարի ազատազրկում։