Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարանի Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթողրուլ Գյունայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո պատրիարքարանի «Լրաբեր» կայքէջ։ Սեպտեմբերի 2-ին Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի հետ։

Թուրքիայի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ իրեն այցելելու համար, եւ հայտնել, որ ինքը ծանոթ է հայ համայնքին եւ ունի հայ ընկերներ։ Խոսակցության ժամանակ քննարկվել է Տիգրանակերտի ( ներկայիս Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման հարցը։ Սուրբ Կիրակոսի տանիքը փլված է եւ անհրաժեշտ է վերանորոգել։ Սրբազան Աթեշյանը նախարարի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ աղոթատեղին պատմական կառույց է եւ անհրաժեշտ է նորոգել ու խնդրել է մշակույթի նախարարության օժանդակությունը։ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Գյունայը հավաստիացրել է, որ կանի հնարավորը հիշյալ պատմական կառույցի վերանորոգման համար։Արքեպիսկոպոս Աթեշյանին ընկերակցել են Պոլսո հայ համայնքի այլ ներկայացուցիչներ եւս։