«Ելք» դաշինքում ներառված որեւէ քաղաքական ուժ Հայ ազգային կոնգրեսի հետ միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելու հարց չի քննարկել: Փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանն այն մասին, որ միասնական ընդդիմադիր դաշինքի ստեղծման գաղափարը ձախողվում է «Ելք» դաշինքի պատճառով, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Պաշտոնապես «Ելք» դաշինքի անունից ուզում եմ ասել. մեր դաշինքի ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի ներկայացուցիչ նման հարց չի քննարկել ՀԱԿ-ի հետ: Ոչ միայն բանակցություններ, նույնիսկ զրույց չի եղել: Ցավոք, դա ակնհայտորեն կեղծ տեղեկություն է, որն անընդհատ շրջանառվում է»:


























