Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, վախենալով իր ուսանող աղջիկների անվտանգության համար, որոշել է նրանց Լոնդոն տեղափոխել։

Բրիտանական Telegraph պարբերականին տված հարցազրույցում Լուժկովը հայտարարել է, որ իր երկու աղջիկները՝ 18-ամյա Ելենան եւ 16-ամյա Օլգան, իրենց փաստաթղթերն արդեն հետ են վերցրել Մոսկվայի պետական համալսարանից։

«Մենք մեր անվտանգության համար անհանգստանալու շատ լուրջ հիմքեր ունենք։ Ամենուրեք ատելություն է, իսկ ընտանիքի ամենաթույլ տեղը երեխաներն են։ Մենք վախենում ենք նրանց թողնել Ռուսաստանում»,- ասել է Լուժկովը։

Ինչ վերաբերում է իրեն՝ Լուժկովին, ապա նա չի պատրաստվում որեւէ մեկին «նվեր» անել եւ մեկնել Մոսկվայից։

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո, սա Յուրի Լուժկովի առաջին հարցազրույցն է արեւմտյան մամուլին։ Telegraph-ն իր հոդվածն այսպես է վերնագրել. «Ես վախենում եմ ընտանիքիս համար»։

Պարբերականը նշում է, որ հարցազրույցի ժամանակ Լուժկովը նշել է. «Անձնական մակարդակով Պուտինն ինձ միշտ էլ լավ է վերաբերել։ Պուտինը հասկանում էր իմ աշխատանքի կարեւորությունը եւ վստահում էր ինձ»։

Նախկին քաղաքապետը քծնանքով է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հասցեին։ «Նա ուզում է Արեւմուտքի առջեւ իրեն ներկայացնել որպես ժամանակակից եւ ժողովրդավար մտածելակերպով մարդ»,- հայտնում է BBC Russian։

Sunday Telegraph-ը հայտնում է, որ հարցազրույցն անցել է Մոսկվայի շքեղ գոլֆ-ակումբներից մեկում, իսկ 74-ամյա Լուժկովն էլ իր տարիքից 15 տարով ավելի երիտասարդ է երեւացել: