Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին Day.az-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Ջեյլանը:
Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: «Բնականաբար, այդ հարցը միայն մեզանից չի կախված: Այդ հարցը կապված է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի»,- նշել է Ջեյլանը:
Պատգամավորը նկատել է, որ Անկարան «Հայաստանից այդ ուղղությամբ քայլեր է ակնկալում»: Ըստ Ջեյլանի՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է խաղաղ ճանապարհով:
Անդրադառնալով Թուրքիայի ու Հայաստանի նախագահների՝ Աստանայում հանդիպելու մասին լուրերին՝ Ջեյլանը նկատել է, որ «նման հանդիպում կարող է կայանալ»: «Հանդիպումը կարող է կայանալ, մենք միշտ կողմ ենք այդ հանդիպումներին: Ճիշտ է՝ ներկայումս ես դեռ չգիտեմ մանրամասները»,- ասել է նա:




























