Հայաստանի պետական գերատեսչությունների վերահսկողության մեջ գլխավոր շեշտադրումը ստուգումից կանցնի աուդիտին: Այս մասին փետրվարի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով «Վերահսկիչ-հաշվիչ պալատի մասին» օրինագծին կառավարության եզրակացությունը: Օրինագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մի քանի հանրապետական պատգամավորներ եւ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ընդհանուր առմամբ, օրինագիծը համապատասխանում է Սահմանադրության նոր խմբագրված տեքստին, որն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին: Վերահսկիչ պալատը կվերածվի Վերահսկիչ-հաշվիչ պալատի: Բացի անվանափոխությունից, կլինեն նաեւ բովանդակային փոփոխություններ՝ հիմնական աշխատանքը կվերաբերի ոչ թե ստուգումներին, այլ աուդիտին, որը թույլ կտա արդեն վաղ փուլում այնպիսի խնդիրներ երեւան բերել, ինչպիսին բյուջեի միջոցների ոչ արդյունավետ վատնումն է:
Կառավարությունը մի շարք առաջարկներ է կատարել: Մասնավորապես՝ հիմա ՎՊ նախագահի աշխատավարձը գրեթե 2 անգամ բարձր է իր խորհրդի անդամների աշխատավարձից, չնայած նրանց աշխատանքի ծավալը եւ պատասխանատվությունը նույնպիսին է: «Առաջարկում ենք նրանց աշխատավարձերը փոքր-ինչ հավասարեցնել»,- ասաց ֆինանսների նախարարը:




























