«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել: Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին: Դժվար է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են: Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու: Արդյոք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ եթե կրկին նման սպասում է ձեւավորվել, նշանակում է դա արդյո՞ք, որ այն կիրականա: Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին:
Դրանցից առաջին եւ հիմնականը ղարաբաղյան բանակցությունների սառեցված վիճակն է: Նախորդ հոդվածում գրել էինք, որ բանակցային նոր գործընթաց սկսելուց առաջ կողմերի դիրքավորման այս միջանկյալ փուլը չի կարող երկար շարունակվել: Ու քանի որ, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բանակցություններն ընդհատվել են ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի`կողմերին տված տարբեր խոստումների վրա, եզրակացրել էինք, որ ՌԴ նախագահն ի վերջո պետք է որեւէ քայլ ձեռնարկի:
Որեւէ նշան, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված է գործելու, առայժմ չկա: Ընդհակառակը`Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլնիկինը փետրվարի 10-ին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցի տողատակով, ըստ էության, կողմերին հորդորեց Վլադիմիր Վլադիմիրովիչից անիրական սպասելիքներ չունենալ, եւ հայտարարեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երեք պետություններն են, եւ ոչ թե ՌԴ-ն առանձին վերցրած:
Սա ՌԴ-ի կողմի որոշակի նահանջի եւ ձեռքերը լվանալու է նման, ինչն Ադրբեջանն կարող է օգտագործել որպես առիթ նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար:
Ադրբեջանը «արդարացումներ» է նախապատրաստում
Պատերազմի հնարավորության օգտին է խոսում նաեւ վերջին շրջանում սահմանային վիճակի լարումը, որը ռազմական փորձագետ-քաղաքագետների բնութագրմամբ շատ նման է ապրիլյան պատերազմից առաջ արձանագրված իրավիճակին: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմում կուտակումներ, զորքերի տեղաշարժ է տեղի ունենում: Բացի այդ, զինադադարի խախտումների ժամանակ օգտագործվող զինատեսակների տրամաչափն օր օրի մեծանում է, իսկ Դ-44 հրանոթի կիրառումը լուրջ մտահոգություն առաջացրեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























