«Ողջույն ազատատենչ հայ ժողովրդին»,- դիմելով Մատենադարանի մոտ հավաքված բազմահազարանոց բազմությանը՝ ազդարարեց ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը եւ հավելեց, որ իր հետ բերել է այսօր դեռ բանտերում պահվող իր ընկերների՝ Սասուն Միքայելյանի, Սափեյան եղբայրների եւ մյուսների ջերմ ողջույնները: Մալխասյանը նաեւ նշեց, որ անազատությունն իրենց բնավ չի կարողացել ընկճել. «Մեր ընկերների ոգին ավելի ամրացել ու կարծրացել է: Մենք միշտ զգացել ենք ձեր շունչն ու ոգին: Մեր պայքարը պիտի հասցնենք հաղթական ավարտի»,- նշեց Մյասնիկ Մալխասյանը՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները իրականացրին ադրբեջանցիների ավղեմի երազանքը՝ զնդանելով արցախյան պատերազմի հերոսներին:

Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն էլ նշեց, որ այսօր ժողովրդի թշնամիները՝ հանցագործ ռեժիմի կամակատարները չկարողանալով կոտրել քաղբանտարկյալներին, ձեռք են բարձրացնում երեխաների վրա: «Օրինակը՝ երեկվա դեպքը: Ամոթ այդ հանցագործներին»,- նշեց Այվազյանը: Նա նաեւ ասցա, որ իրենց համաներմամբ ոչ թե ամեն ինչ վերջացավ, այլ, ընդհակառակը, նոր է սկսվում: «Շուրջ մեկուկես տարի ես եւ իմ ընկերները զրկված ենք եղել ազատությունից եւ ձեզ հետ շփվելու հնարավորությունից: Սակայն մենք ամեն ժամ զգացել ենք ձեր պայքարի շունչը: Բայց վարչախումբը չկարողացավ կոտրել մեր եւ ձեր կամքը: Դուք մեր կողքին էիք դատարաններում, Հյուսիսային պողոտայում եւ այլուր: Ես վստահ եմ, որ թիկունքում այսպիսի ժողովուրդ ունենալով կարող ենք սարեր շրջել եւ պայքարը հասցնել հաղթական ավարտին»,- ազդարարեց Սմբատ Այվազյանը:

«Ոչ մի համաներում չէր կարող մեզ ազատություն շնորհել, եթե չլիներ ձեր պայքարը: Եւ ես ու իմ ընկերները ձեզ խոսք ենք տալիս, որ հանրապետության նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանի հետ Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, եւ մեր՝ անազատության մեջ մնացած ընկերները հայտնվելու են նույն այս հարթակում»,- ասաց «7-ի գործով» մեղադրվող Սուրեն Սիրունյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը յուրաքանչյուրից շնորհակալություն հայտնեց այն կրած զրկանքների համար, որ մարդիկ կրել էին պայքարի ընթացքում: «Մենք պիտի ուրախ լինեինք, բայց ուրախությունը չի կարող լիարժեք լինել: Մեր եղբայրները շարունակում են մնալ բանտերում: Մեր դուրս գալով նոր լիցք է հաղորդվում այս պայքարին: Մեր հաղթանակը անխուսափելի է, եւ դրա արդյունքում Հայաստանում որեւէ քաղբանտարկյալ չի լինելու»,- նշեց Արզումանյանը՝ կրկին խոստանալով շարունակել պայքարը քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո հանրահավաքը եզրափակվեց երթով: Հորդառատ անձրեւի տակ մարդկային հոծ բազմությունն անցավ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան եւ թումանյան փողոցներով: Մարդիկ, թեեւ մինչեւ ոսկորների ծայրը թրջված, բայց չհեռացան եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Կոնգրեսի մյուս առաջնորդների հետ անցան ողջ երթուղին:

Երթի ընթացքում, բնականաբար, մանր միջադեպեր եղան, որոնց հրահրիչը ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն էր: