«Իմ փոքրիկ». այսպես է կոչվում մի խումբ երիտասարդ նախաձեռնողների կողմից ստեղծված  հայալեզու կայքը, որը կոչված է հայ մայրերին, մայրանալ պատրաստվողներին կամ պարզապես երեխաների խնամակալներին, դայակներին, ինչու ոչ` հայրերին  իրենց փոքրիկին մեծացնելու դժվարին ճանապարհին ուղղորդող տեղեկատվություն մատուցել:

Նորաստեղծ կայքում  կարող եք գտնել հղիության մանրամասներից մինչեւ  երեխայի  առողջությանը, հայրենասիրությանը, հավատքին, ժամանցին ու նորաձեւությանն առնչվող հետաքրքիր նյութեր, խաղեր, երգեր ու բանաստեղծություններ:

«Իմ փոքրիկի» թղթակիցները հայ ծնողներին կհասցնեն հայտնի մանկաբույժների խորհուրդները, թե ինչպես առողջ եւ բարեկիրթ մանկիկ մեծացնել: Ընթերցողների հետ իրենց փորձը կկիսեն նաեւ փորձառու եւ վաստակաշատ մայրիկներն ու հայրիկները:

Կայքում ինֆորմացիան մատուցված է ութ բաժիններով`«Հղիություն», «Փոքրիկիս առողջությունը», «Փոքրիկիս ժամանցը», «Փոքրիկիս դաստիարակությունը», «Փոքրիկիս հավատքը», «Փոքրիկիս կրթությունը», «Փոքրիկիս նորաձեւությունը», «Փոքրիկիս հայրենիքը», «Փոքրիկիս լուրերը»:

«Իմ փոքրիկի» նախաձեռնողները նշում են, որ իրենց հիմնական նպատակներից է նորելուկ սերնդի ժամանցն ապահովել հայկական ժողովրդական հեքիաթներով, հայկական արտադրության մուլտֆիլմերով,  հայրենաճանաչողությունը եւ քրիստոնյայի ոգին զարգացնող  նյութերով:

Երեխայի հայրենաճանաչողությունը կապահովի «Փոքրիկիս հայրենիքը» բաժինը, որտեղ կարող եք գտնել Հայկական դրոշի, զինանշանի, օրհներգի պատմությունից մինչեւ հայոց մայրաքաղաքների, թագավորների մասին պատմող մանկահասու տեղեկատվություն: Հոգեւոր դաստիարակությունն էլ  կապահովի «Փոքրիկիս հավատքը» բաժինը, որը հնարավորություն կտա մայրիկներին երեխաներին մատչելի լեզվով ներկայացնել Աստվածաշունչը, դաստիարակել  Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հայ քաղաքացի:

«Իմ փոքրիկ»-ն ունի նաեւ «Ֆոտոալբոմ» բաժինը, որտեղ մայրիկները կարող են տեղադրել  իրենց   բալիկների  լուսանկարները, միմյանց հետ քննարկել երեխայի դաստիարակության եւ խնամքի առավել գործուն  մեթոդները: Պարբերաբար կհայտարարվի նաեւ լավագույն լուսանկարների մրցույթ` ամենատարբեր խորագրերով:

Կայքի նախաձեռնողները նշում են, որ առաջիկայում կայքի այցելուները հնարավորություն կունենան նաեւ  էլեկտրոնային աղյուսակի միջոցով հետեւել իրենց երեխայի հասակի եւ քաշի նորմային, օն-լայն ռեժիմով ոլորտի առաջատար  մասնագետներից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պատրաստման փուլում է նաեւ «Խաղեր» բաժինը, որտեղ ծնողները կգտնեն իրենց երեխայի ազատ ժամանակը լրացնելու կամ պարզապես կամակորությունը կանխելու արդյունավետ միջոցներ: Այս բաժնում կներկայացվեն խաղեր, որոնք կոչված են զարգացնելու երեխայի մտածողությունը, տրամաբանությունը, օգնելու ավելի հեշտ ճանաչել եւ յուրացնել շրջակա աշխարհը, ինչպես նաեւ մանուկ հասակից ճանաչել հայրենիքը` իր ողջ գրավչությամբ: