Հաջորդ խորհրդարանում ՕԵԿ-ն իր ծանրակշիռ տեղն է ունենալու: Այսօր` նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, հավելելով, որ իրենց կուսակցությունն ունի բավարար փորձ, հնարավորություն ու պոտենցիալ, ԱԺ-ում իր տեղը գրավելու համար:

Նա նեղսրտեց, երբ լրագրողները հարցրեցին, թե արդյոք, ՕԵԿ-ն առանձի՞ն է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ՀՀԿ-ի ցուցակով: «Ես չգիտեմ՝ որտեղից է ձեր այդ հարցի հիմնավորումը, որ մենք ինչ-որ մեկի ցուցակում պետք է մասնակցենք։ Մենք ոչ մեկի ցուցակում չենք մասնակցելու: Անցած համապետական ընտրությունները ցույց են տվել, որ ՕԵԿ-ն ինքը այնքան հնարավորություն, այնքան ուժ, այնքան պոտենցիալ, այնքան ռեսուրսներ ունի, որ շատ հանգիստ կարող է մասնակցել ըտնրությունների։ Եվ չնայած բոլոր այն ոչ պոզիտիվ կանխատեսումներին, որոնք կատարվում էին պարբերաբար, եւ ՕԵԿ-ի հետ կապված ինչ-որ գուշակություններ էին անում, մենք կարողանում ենք հաղթահարել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Դրա վկայությունն է 1999-ի, 2003-ի, 2007-ի եւ 2008-ի մեր համապետական ընտրությունները»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, ըստ որի 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միանալով իշխանությանը, ՕԵԿ-ը կորցրեց իր ընտրազանգվածը, Խ. Հարությանյանն ընդունեց ասվածը, սակայն հավելեց. «Արդեն անցել է բավականին տեւական ժամանակ՝ 2 տարի եւ ավելի, մարդիկ ի վերջո կարողանում են հասկանալ մեր կատարած քայլի ճշմարտացիությունը եւ կարեւորությունը»: