Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է արհամարհել միջազգային հանրության եւ միջնորդների առջեւ ստանձնած սեփական ապրտավորությունները, ցինիկաբար գործում է՝ ի հեճուկս Մայենդորֆում եւ Աստրախանում ստորագրված փաստաթղթերի: Ալիեւին ձեռք չի տալիս պատմությունը, որն ինքը դասավանդել է ՄԳԻՄՕ-ում, եւ նա ստեղծագործական մղումներով կեղծ պատմություն է ստեղծում: Նա արհամարհում է ժամանակակից միջազգային իրավունքն ու փորձում է հանդես գալ ուժի՝ սնանկ դիրքերից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա սադրիչ հայտարարությունները:
«Աստրախանի հռչակագիրը նախատեսում է վստահության միջոցների ամրապնդում գերիների եւ զոհերի դիակների փոխանակման միջոցով, սակայն Ալիեւն օգտագործում է այդ գործընթացը հակառակը՝ լարվածությունն ուժեղացնելու համար: Ակնհայտ է, որ հակահայկական հիստերիայի հերթական ալիքն սկսվեց Ալիեւի կլանի խորհրդարանի ընտրությունների օրը, որպեսզի շեղի ուշադրությունը միջնադարյան խանության ձեւավորման հերթական փուլից»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը հերթական հակահայկական շոուն է կազմակերպել՝ ադրբեջանցի դիվերսանտների հուղարկավորության օրը:





























