Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը փետրվարի 17-ին ստացել է Կանադայի Ազգային Շքանշան բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: Տիտղոսը նրան է շնորհել Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, իր ֆեյսբուքյան էջում գրել է Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը:

«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների եւ բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Որպես կինոռեժիսոր` նա ձեռք է բերել միջազգային համբավ` միեւնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Էգոյաի ստեղծագործական գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաներին: Նվիրելով իր ժամանակը եւ տաղանդը` նա նաեւ դասավանդում է եւ հանդիսանում մշակութային միջոցառումների եւ կինոփառատոնների ակտիվ մասնակից եւ ժյուրիի անդամ: Նա նաեւ տաղանդավոր վիզուալ արտիստ է եւ թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- գրել է նա: