Կառավարությունը տեսնելով, որ շինարարության ոլորտը աննախադեպ անկում է ապրում, իսկ բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել այդ ոլորտը, որոշել է կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման համար պետական երաշխիքներ տրամադրել:

«Վերջին 6-8 տարիներին Հայաստանում շինարարությունը տարեկան մոտ 25 տոկոս աճ էր արձանագրում, քանի որ կար հստակ ներքին ու արտաքին պահանջարկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը նպաստող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ ճգնաժամն սկսելուն պես, բնականաբար, այն հարվածեց առաջին հերթին շինարարությանը, քանի որ մարդկանց մոտ կայուն եկամուտների նկատմամբ սպասումները նվազեցին: Դա ըստ նրա, անդրադարձավ նաեւ բանկերի վրա, քանի որ բանկերը նման ռիսկային պայմաններում չեն ցանկանում ֆինանսավորել շինարարության ոլորտը:

«Այս պայմաններում կառուցապատողն ասում է. „Տրամադրեք վերջնական գումարները, որ ավարտեմ շենքի շինարարությունը“, իսկ բնակիչն ասում է. „Ես չունեմ երաշխիք, որ կավարտես, դրա համար գումարները չեմ տալիս“: Այս իրավիճակում կառավարությունը որոշեց սկսել կառուցապատողներին պետական երաշխիքներ տալու ծրագիրը, որով նրանք կարող են վարկեր վերցնել բանկերից: Այն բանկերից, որոնք մինչ այդ չէին ցանկանում վարկեր տրամադրել»,- նշեց Հարությունյանն ու հավելեց, որ պետական երաշխիքներ տրամադրելու համար կառուցապատողները պետք է կիսակառույց շենքի առնվազն 50 տոկոսն արդեն կառուցած լինեն եւ համապատասխան բանկի հետ համաձայնության գան, որպեսզի վերջինս պետական երաշխիքի ներքո տրամադրի այդ վարկային միջոցները:

Ներկայումս այս ծրագրի շրջանակում կառավարությունը ֆինանսավորել է 6 կառուցապատող կազմակերպությունների` շուրջ 116 հազար քմ տարածք կառուցելու համար: Դրանք են «Էլիտ գրուպ»-ը, «Հերմեկ», «Լեւոն Ամիրխանյան», «Մ.Գ. Հաուզինգ», «Վահե Հարությունյան» եւ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ընկերությունները, որոնք բոլորն էլ էլիտար շենքեր են կառուցում բացառապես Երեւանում եւ բացառապես Երեւանի կենտրոնում:

Դ. Հարությունյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ընդամենը 6 ընկերությունների նման երաշխիքներ տրամադրվել եւ նրանք շուկայում գործող ընկերությունների քանի տոկոսն են կազմում: «Կարեւորը դա չէ, այլ այն, որ մենք ազդակ ենք տալիս տնտեսությանը»,- ընդամենը ասաց նա: