Նոյեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ, Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվել է Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծվել են եկեղեցու Սուրբ Սեղանը, Խորանի ճակատը, Մկրտության Սուրբ ավազանը:

Եկեղեցին կառուցվել է  1886թ. գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան-Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Եկեղեցու Սուրբ Խաչը ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ օծվել էր այս տարվա սեպտեմբերի 21-ին:

Գուգարաց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ ծիսակարգի ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ է մատուցել Ախթալայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:

Եկեղեցու վերաօծմանը մասնակցել է Հաղպատավանքի վանահայր Տեր Ասպետ վարդապետ Բալյանը, ներկա են եղել համայնքի անդամներ, հյուրեր արտերկրից, բարերարը, մարզային իշխանության ներկայացուցիչներ:

Սուրբ պատարագի կապակցությամբ գյուղապետ Սամվել Գիգոլյանի կողմից բաժանվել է օրհնված մատաղ: