Այսօր` նոյեմբերի 9-ին ժամը 10:15-ի սահմաններում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի մոտ) Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ միջադեպ է գրանցվել:

ՀԱԿ-ի ակտիվիստներն իրենց նախօրոք հայտարարած ակցիան էին իրականացնում, երբ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել հրապարակում եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանն սկսել է վիրավորանքներ տեղալ երիտասարդների հասցեին եւ արգելել, որպեսզի երիտասարդները երթով իջնեն դեպի Հանրապետության հրապարակ:

Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերենով գրված են եղել. «Եվրոպա, մի հանդուրժիր դիկտատորներին», «Քաղաքական բանտարկյալը Հայաստանում ամոթալի է Եվրոպայի համար», «Եվրոպա, դու թույլ ես տվել այս ռեժիմին պահել 12 պատանդների», «Եվրոպա, ասա՜ ճշմարտությունը Հայաստանի մասին»:

Ոստիկանները դեղին ժապավեններով փակել են տարածքը, երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ եւ պահանջել, որպեսզի ակցիայի մասնակիցներն անցնեն պատնեշից այն կողմ: Երիտասարդները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում 4 ակտիվիստների` Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին («Հայկական ժամանակ» թերթի թղթակից Անի Գեւորգյանի եղբայրներն են) Վահագն Գեւորգյանին («Հայկական ժամանակ» թերթի թղթակից Հայկ Գեւորգյանի որդին է) եւ Սարգիս Խաչատրյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Արայիկ Պետրոսյանը քաշքշել է նաեւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին:

Ականատեսների վկայությամբ, այդ ամենը հրահրում էր Արայիկ Պետրոսյանը եւ անգամ ոստիկաններն իրար հետ խոսելիս նշում էին, թե «էս ի՞նչ արեց»:

Նա հայհոյանքներ էր տալիս եւ պատասխան հայհոյանքներ ստանում երիտասարդների կողմից:

Այս պահին հրապարակի ողջ տարածքը վերցված է ոստիկանական ուժեղ հսկողության տակ: Այստեղ են նաեւ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության պետ Վալերի Օսիպյանը, Երեւան քաղաքի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, ոստիկանության հասարակական անվտանգության ծառայության պետ Աղասի Կիրակոսյանը:

Պարեկա-պահակային ծառայության ավտոմեքենայի բեռնախցիկում մեծ քանակությամբ ռետինե մահակներ կան:

Հատկանշական է, որ ընդդիմադիր ակտիվիստների թիվը 50-60 հոգի է եղել, իսկ ոստիկանների թիվն անցնում է 100-ից:

«ՀԺ»-ի թղթակից Անի Գեւորգյանը հայտնել է, որ իր եղբայրը զանգահարել է ոստիկանության Կենտրոնի բաժնից եւ հայտնել, որ ոստիկանները երիտասարդներին ծեծի են ենթարկում: Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ Շտապօգնության մեքենա են կանչել:

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի