Հայ Ազգային Կոնգրեսի՝ այսօր կայացած հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ Կոնգրեսը հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, խոստացել էր անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։
«Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը»,- ազդարարեց Լ.Տեր-Պետրոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեեւ մթնոլորտը տոնական է, բայց կջանա տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։
Ըստ առաջին նախագահի՝ չի կարելի չհամաձայնել այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ: «Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խիզախ կեցվածքի, անհնար էր նվաճել այդ հաղթանակը»։ Այս առումով, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, որը երեկ կամովին ներկայացավ դատախազություն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից։ Առաջին նախագահն իր շնորհակալությունը հայտնեց, նաեւ քաղբանտարկյալների ընտանիքներին ու հարազատներին, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում. «Վերջապես, անհնար է պատշաճը չմատուցել Հյուսիսային պողոտայի „քաղաքական զբոսանքների“ անխոնջ մասնակիցներին, հատկապես կանանց եւ երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ, ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ, վառ պահեցին պայքարի ոգին եւ հսկայական լիցք հաղորդեցին Համաժողովրդական շարժմանը»։
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե այդ հաջողությունը նաեւ սպառիչ կերպով ապացուցեց Կոնգրեսի որդեգրած մարտավարության լիակատար հիմնավորվածությունը, մինչդեռ շատերն այդ ընթացքում փորձեցին ՀԱԿ-ին շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ «Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե Համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հակառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր Կոնգրեսի առաջնորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը։ Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնություն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիսի 20-ի հանրահավաքը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի „համարձակ“ ու հավակնոտ դարձան, Շարժման վերականգնմանն ու Կոնգրեսի հզորացմանը զուգընթաց»,-մանրամասնեց առաջին նախագահը եւ հավելեց, որ դույզն իսկ չի կաս¬կածում, որ եթե իրենք հետեւեին նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ո՛չ Հայ Ազգային Կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ո՛չ էլ ազատ արձակված քաղբանտարկյալներ կունենայինք. «Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է դրանում համոզվելու համար. մի քանի ամիս տեւած ինքնանպատակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն եւ հայտնվեց փակուղային վիճակում։ Ցանկացած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ», — եզրափակեց ընդդիմության առաջնորդը։



















