Ադրբեջանում անհետ կորած հայ քաղաքացիական անձ է հայտնաբերվել, որի մասին առ այսօր որեւէ տեղեկություն չկար:

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե այդ անձը, որի անունը չի հրապարակվում, ամենայն հավանականությամբ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ է: «Ես միտված եմ կարծելու, թե ում մասին է խոսքը: Կարծում եմ, դա Արթուր Բադալյանն է, որը տարօրինակ հանգամանքներում անհետացել էր սահմանամերձ գոտուց՝ Մովսես գյուղի մերձակայքից 2009թ. մայիսի 9-ին»,- նշեց Կապրիելյանը:

Վերջինս բազմիցս բարձրացրել է Բադալյանի հարցը ադրբեջանական կառույցների առջեւ, բայց Ադրբեջանը չէր հաստատում, ավելին, վերջին ամիսներին խուսափում էր Բադալյանի հարցով բանակցություններ վարելուց: «Պնդել չեմ կարող, սակայն կարծում եմ, որ խոսքը հենց Բադալյանի մասին է»,- նշեց Կապրիելյանը:

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու Հայաստանի մի քաղաքացու, ով տեւական ժամանակ անհետ կորած էր համարվում: Այս կապակցությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է ստացել հայ քաղաքացիական անձի մասին, ով գտնվում է Ադրբեջանում: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են նրան:

Հարցին, ե՞րբ է նախատեսված նրա հանձնումը հայկական կողմին, Աստաբացյանը պատասխանել էր, որ Կարմիր Խաչին առայժմ չեն դիմել նման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ, եւ եթե դիմում լինի, իրենք պատրաստակամությամբ կաջակցեն անձի տեղափոխմանը Հայաստան: