Համերգ տալու նպատակով Ստամբուլում գտնվող ադրբեջանցի երգիչ Սամի Յուսուֆը հայտարարել է 2009 Եվրատեսիլում ինքը հայկական երգը ավելի է հավանել քան ադրբեջանականը եւ մտածում է Հայաստանում համերգ կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yenisafak կայքէջը։

Ադրբեջանական ծագումով Մեծ Բրիտանիայում ստեղծագործող Սամի Յուսուֆը Ստամբուլում ասել է, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խնդիր չկա, իրար բաժանող միակ պատճառը քաղաքականությունն է։ Սամի Յուսուֆը ասել է. «Մտածում եմ Հայաստանում համերգ կազմակերպել։ Դպրոցում հայ ընկերներ ունեի։ Մեր մեջ ոչ մի տարբերություն չկա եւ մարդկանց բաժանող միակ պատճառը քաղաքականությունն է։ 2009 թվականի Եվրատեսիլի հայերի երգը ադրբեջանականից ավելի հավանեցի։ Հայ քույրերը շատ իրական եւ ավանդական էին ներկայացրել երգը, իսկ ադրբեջանականը փոփ երգ էր», ասել է ծագումով ադրբեջանցի Սամի Յուսուֆը։

Սամի Յուսուֆը հայտնել է նաեւ, որ ցանկանում է դուետ երգել Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի հետ, սակայն այդ հարցում իրեն ընդամենը աշակերտ է զգում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ կատարել է դրանք տարբեր բեմերում։ Իսկ վերջերս նրան թույլ չտվեցին համերգներով հանդես գալ Ադրբեջանում մեղադրելով, որ Սեզեն Աքսուի երաժշտախմբում կա հայ երաժիշտ։