Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հնդկաստան:
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նալբանդյանը հարցազրույցներ կտա հնդկական լրատվամիջոցներին, ինչպես նաեւ դասախոսություն կկարդա բարձրագույն դիվանագիտական դպրոցում:
Մանասարյանն ասաց, որ հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջազգային կազմակերպություններում, պետությունները միմյանց աջակցում են այդ կառույցներում տարաբնույթ հարցեր քննարկելիս: Սակայն առաջընթաց չկա տնտեսական ոլորտում:
Տնտեսական համագործակցության պոտենցիալը երկու պետությունների միջեւ բավականին մեծ է, սակայն այն այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Համագործակցությունը հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում է: Առեւտրաշրջանառման ոլորտում առյուծի բաժինը զբաղեցնում է հնդկական դեղերի ներմուծումն ու գոմեշի միսը: Սակայն հեռանկարում համագործակցություն կարող է ծավալվել նաեւ քիմիական, վերամշակման եւ թեթեւ արդյունաբերությունների ոլորտում»,-հայտարարել է Մանասարյանը: Նա որպես արդյունավետ համագործակցության օրինակ բերեց Hi Tech, որը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Փոխնախարարը նշել է, որ Նալբանդյանի Հնդկաստան կատարելիք այցելության ընթացքում շեշտը կդրվի երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման վրա: Նշենք, որ Հայաստանը Հնդկաստանից տարեկան ներկրում է 43 մլն դոլարի ապրանք, իսկ արտահանումը` 2.7 մլն:





























