Նոյեմբերի 9-ին ավարտվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը` հնարավորություն ընձեռելով համայնքի 26 մանուկներին ստանալու նախադպրոցական կրթություն: Այն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակներում` «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» (CHF) եւ «Շեն» ԲՀԿ-ի  կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, Ուորլդ Վիժն/ Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանը, Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը,  ԱՄՆ ՄԶԳ /Հայաստանի առաքելության, CHF/ Հայաստանի, «Շեն» ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ գյուղի համայնքը:

«Ծրագիրն, որի ավարտն այսօր մենք նշում ենք, Լոռու մարզում առաջինն է գազա- եւ ջրամատակարման համակարգերի, սպորտդահլիճների, մանկապարտեզների վերանորոգման առաջնահերթ 50 այլ ծրագրերի շարքում, որոնք այս տարի  ԱՄՆ ՄԶԳ- ն իրականացնելու է  Հայաստանում իր գործընկերներ CHF-ի եւ  «Շեն»-ի հետ համատեղ:  Լոռիում մենք նաեւ վերականգնում ենք գազամատակարարման համակարգ Այրումի եւ ջրամատակարաման համակարգեր Արծնի եւ Լեռնանցք համայնքներում»,- նշել է Շերիլ Գրոսմանը:

Լոռու  մարզում որպես ամերիկյան կառավարության ներդրումների մի մաս ՀՄԸ Հայաստանը վերականգնում է Սպիտակի ինքնահոս ջրանցքը, ինչպես նաեւ երրորդ կարգի ջրանցքներ մարզի երեք այլ համայնքներում: