Ադրբեջանի տարածած հայտարարությունը, թե միջազգային հետախուզում է  հայտարարել Արցախում Սահմանադրության հանրաքվեի ընթացքին հետեւած Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Ադրբեջանը ոգեւորվեց Լապշինի դեպքով եւ կարծում է, թե որ Արցախի պարագայում էլ կարող է նույն բանն անել: Ադրբեջանը տեղեկություն էր տարածել, թե Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած դիտորդների նկատմամբ, բայց այդպիսի բան չկա, Ինտերպոլից այդ տեղեկությունը հերքել են»,-ասաց նա` նշելով, որ ՀՅԴ Եվրոպայի հանձնախումբը հայտարարություն կտարածի Ադրբեջանի իշխանությունների ստահոտ այս տեղեկության վերաբերյալ:

Գասպար Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին հաջողվել է Եվրոպայում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իբրեւ միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հանդեպ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ ԼՂՀ նրանց այցելության կապակցությամբ։