«Հզոր Թուրքիա» կուսակցության ակտիվությունը թուրքական քաղաքականության մի տարրն է, քանի որ այնպիսի երկրում, ինչպիսին Թուրքիան է, պատահական ոչինչ չի լինում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ՊՆ հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, մեկնաբանելով «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչի հայտարարությունը, թե ինքը մտադիր է հաջորդ անգամ Հայաստան ժամանել գործարարների հետ միասին:
Ջամալյանը հնարավոր համարեց, որ Բեքլեւիչը Հայաստան վերադառնա պաշտոնական ճանապարհով, բայց դա ոչինչ չի նշանակի, քանի որ հայ-թուրքական սահմանը հատելու PR ակցիան անհեթեթություն էր, որի մասին վկայում են լուսանկարները, որտեղ, թուրք գործիչներն, իբր հատել են սահմանը:
«Գոյություն ունի հասարակ տրամաբանություն: Թուրքական կողմը պետք է փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ պատրաստ է հարաբերություններ սկսել առանց նախապայմանների: Իսկ «Հզոր Թուրքիայի» ինտենսիվ ակցիան ցույց է տալիս, որ Թուրքիան ցանկանում է ինչ-որ մեկին բավարարել ԵՄ անդամության ճանապարհին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հենց «Հզոր Թուրքիա» կուսակցությանը, ապա այն, ըստ գոհեբանի, կշիռ չունեցող քաղաքական ուժ է Թուրքիայում, սակայն իշխանությունները նրան օգտագործում են ուրպես գործիք պատրանք ստեղծելու համար, թե իբր երկրում առաջ է գալիս ավելի հանդուրժող ուժ:
Հիշեցնենք, որ վերջերս Թունա Բեքլեւիչն ու իր մի քանի գործընկերներ հայտարարել էին, թե հատել են հայ-թուրքական սահմանը՝ «բարի նպատակներով»: Դրանից հետո նրանք եկան Երեւան եւ նույնը հայտարարեցին նաեւ Երեւանում, որից հետո հրավիրվեցին Հայաստանի ԱԱԾ եւ նրանց առաջարկվեց լքել երկիրը:





























